Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աշոտ Ահարոնյանի պատասխանը «Իրատես de facto» թերթին

 Աշոտ Ահարոնյանի պատասխանը «Իրատես de facto» թերթին
24.09.2013 | 23:05

«Իրատես de facto» թերթը հրապարակել է Մարի Բարսեղյան-Խանջյանի հոդվածը՝ մայրաքաղաքի 15-րդ թաղամասում օրենքով արգելված ժամերին կազմակերպվող հրավառությունների վերաբերյալ: Խնդիրն իսկապես մտահոգիչ է, և քաղաքացու մտահոգությունն ու ահազանգը՝ տեղին, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում: Միևնույն ժամանակ, իրավիճակը որոշակի պարզաբանումների կարիք ունի: Ընդունելով հարգելի հոդվածագրի դիտողությունները, մասնավորապես, օրենքի պահանջների խախտումով կազմակերպվող հրավառությունները կանխելու գործում առավել օպերատիվություն ցուցաբերելու անհրաժեշտության վերաբերյալ, համամիտ չենք, թե ոստիկանությունը «անտեսում է իր իսկ «Լռության մասին որոշումը» և հաճկատար է դառնում որոշ մարդկանց կամայականություններին»: Ոստիկանությունը հրավառության կազմակերպման կանոնների մասին բազմիցս իրազեկել է հանրությանը և պահանջել դրանց անվերապահ պահպանում: Կրկին հիշեցնենք. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գիշերային ժամերին՝ 23.00-ից մինչև 7.00-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական արտադրատեսակներ օգտագործելն առաջացնում է վարչական տուգանք՝ 100.000 դրամի չափով: Ի կատարումն օրենքի պահանջի՝ բազմաթիվ օրինազանցներ ենթարկվել են վարչական պատասխանատվության ու տուգանվել, բացի այդ, համաձայն ՀՀ ոստիկանության պետի կարգադրության, գիշերային ժամերին, լռության խախտման դեպքերը բացառելու նպատակով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից մշտապես վերահսկվում է իրավիճակը, կազմակերպվում են ստուգայցեր, պատասխանատուներին տրվում են հիշեցման թերթիկներ: Ասել է թե՝ ոստիկանությունն իրականացնում է իր գործառույթները թե՛ հրավառության կանոնների խախտման դեպքերը բացահայտելու, թե՛ կանխարգելման նպատակով, բայց դա բավարար չէ: Անհրաժեշտ է հասարակության գործուն աջակցությունը: Ոչ միայն օրինահարգ քաղաքացիների ահազանգերով, ինչի համար ոստիկանությունը շնորհակալ է և միշտ ակնկալում է, այլև ողջ հանրության իրավագիտակցության բարձր մակարդակով, համակեցության կանոնները պահպանելու պատրաստակամությամբ: Առանց օրենքի առաջ բոլորի հավասարության գիտակցման, ոստիկանությունը չի կարող վերջնական ու լիարժեք հաջողություն արձանագրել: Սա վերաբերում է հատկապես հասարակական կարգի պահպանման ոլորտին, որտեղ բոլորս օժտված ենք հավասար իրավունքներով ու պարտականություններով, պարզապես ոմանք, ցավալիորեն, մոռանում են պարտականությունների, նախևառաջ իրենց համաքաղաքացիների հանդեպ ունեցած էթիկական ու բարոյական պարտականությունների մասին: Հավաստիացնում ենք, որ ոստիկանությունը շարունակելու է միջոցներ ձեռնարկել իրենց օրենքից վեր դասողների նկատմամբ, նաև՝ ապօրինի հրավառությունները բացառելու ուղղությամբ, և այդ գործում ակնկալում է քաղաքացիների համագործակցությունը: Ոստիկանությունը համոզված է, որ համակեցության կանոնների պահպանման գործում վարչական ներգործման եղանակները բավարար չեն, անհրաժեշտ է փոխադարձ հարգանք և օրենքի պահանջների կատարում բոլորիս կողմից:

Աշոտ ԱՀԱՐՈՆՅԱՆ

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ

Դիտվել է՝ 822

Մեկնաբանություններ